hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իրինա
Իրինա Սեյլանյան Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայաստան Ֆինանսաբանկային ոլորտ

Իրինա Սեյլանյանը 2017 թվականից ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2021թ․ նա ընտրվել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ 2026թ․ փետրվարի 12-ին երկրորդ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում։

Իրինա Սեյլանյանը «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի (Afeyan Initiatives for Armenia Foundation, AIFA) գործադիր տնօրենն է։ Նա իրականացնում է ռազմավարական կառավարում՝ «Աֆեյան» հիմնադրամի կազմում գործող կազմակերպությունների և նախաձեռնությունների համար, որոնք միտված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։

Իրինան բանկային ոլորտի միջազգային փորձառություն ունեցող ղեկավար է։ Նա 25 տարուց ավելի աշխատել է HSBC խմբում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ Հայաստանում և արտերկրում։

2020–2025թթ․Իրինան զբաղեցրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Մինչ այդ նա ղեկավարել է HSBC Bank Malta plc բանկի ֆինասական շուկաներում գործառնությունների ստորաբաժանումը։ Մալթայում աշխատելուց առաջ Իրինան հանդիսացել է Մեծ Բրիտանիայի՝ HSBC Bank Plc բանկի կարգավորող ռիսկերի ծրագրերի ղեկավարը։

Իրինա Սեյլանյանն ունի ֆինանսական բարդ ու խիստ կարգավորվող միջավայրերում համակարգային արդիականացման, կառավարման ամրապնդման, ռիսկերի վերահսկման և ռազմավարական վերափոխումների կյանքի կոչման հարուստ փորձ։

Նա նաև Հայաստանի ազգային վճարային համակարգի՝ «Արմենիան Քարդ» (ArCa) ընկերության խորհրդի, ինչպես նաև Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամ է։ Իրինան իր մասնագիտական գործունեության ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տալիս ինստիտուցիոնալ բարձր չափանիշներին, պատասխանատու և էթիկական առաջնորդությանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացմանը։

Իրինան ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությամբ։ Նա նաև Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի - Association of Chartered Certified Accountants, ACCA, Մեծ Բրիտանիա լիիրավ անդամ է։